National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.10.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 5

Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի
նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ: «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումը 2011 թ. պետական բյուջեում ներկայացնել առանձին տողով` որպես ՀՀ դատարաններ:

Քննարկումների արդյունքում որոշվեց օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի, Հովհաննես Սահակյանի, Լյովա Խաչատրյանի, Ռաֆիկ Պետրոսյանի եւ Արա Սիմոնյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը: 
  
Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց  ՀՀ կառավարության հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության փաթեթը, որն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը:

«Ավտոտրանսպորտային  միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրինագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, դրանց սահմանման, գանձման կարգը եւ պայմանները, տուրք չվճարելու համար սահմանված պատասխանատվությունը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ գանձվող տուրքը մուտքագրվելու է տվյալ համայնքի բյուջե , իսկ տուրք չվճարելու իրավունք կունենան իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղում կայանած ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ բժշկական շտապ օգնության ավտոտրանսպորտային միջոցները` առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու դեպքում:

Համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տուրքի չվճարման դեպքում նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Օրինագծով սահմանվել են ավտոկայանատեղի հետեւյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար մինչեւ 500 դրամ ներառյալ, յուրաքանչյուր մեկ օրվա համար մինչեւ 3000 դրամ ներառյալ, մեկ շաբաթվա համար մինչեւ 6000 դրամ ներառյալ, մեկ ամսվա համար մինչեւ 30000 դրամ ներառյալ եւ մեկ տարվա համար մինչեւ 120000 դրամ ներառյալ:

Օրինագծերի փաթեթն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թ. տարեկան գործունեության ծրագիրը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը ներկայացրեց ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային գործողությունների, մասնավորապես` գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությունների, անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների կանխման եւ արգելման ուղղությամբ կատարվող աշխատանքը եւ առաջարկեց օրենսդրորեն նոր լիազորություններ տալ հանձնաժողովին անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու ճանապարհով բացահայտելիու առկա չարաշահումները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Նրա տեղեկացմամբ` նախագծերի կարգավորման առարկան հարկային հաշվառման հստակեցումն ու պարզեցումն է: Ակնկալվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման եւ հարկային հաշիվների էլեկտրոնային կիրառմանն առնչվող ծագած հարցերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծին առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվեց եւ անկատարության պատճառով հետաձգվեց մինչեւ 30 օրով, պատգամավորների առաջարկով ստեղծվեց աշխատանքային խումբ այն լրամշակելու նպատակով:

Դրական եզրակացություն ստացան  երկրորդ ընթերցման ներկայացված «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերը եւ երրորդ ընթերցման ներկայացված «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրինագիծը եւ դրան առնչվող այլ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կարայանը ներկայացրեց «Արտոնագրային վճարների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է մինչեւ 6 մլն. դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատեր  հարկատուների տվյալ հաշվետու տարվա վերջնական հարկային պարտավորությունները սահմանափակել գործունեության առանձին տեսակների համար օրենքով սահմանված չափերով համապատասխան արտոնագրային վճարների կատարումով:

Պարոն Կարայանը ներկայացրեց նաեւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման պահանջ սահմանել կենդանական պահածոների որոշ տեսակների, մրգահյութերի, բնական կամ արհեստական հանքային ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, կոկտեյլների, փաթեթավորված սուրճի եւ թեյի, տեսաձայնային սկավառակների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող թատերական, մարզական եւ զվարճանքի միջոցառումների տոմսերի համար:

Նախագծերով կարգավորվում են նաեւ դրոշմապիտակների ձեռքբերման հետ կապված հարցերը, դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները, դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների եւ արժեքի (գնի) սահմանման հարցերը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու եւ կիրառությունից հանելու ընթացակարգերը եւ այլն:

Վերջին երկու նախագծերի քննարկումը կշարունակվի հանձնաժողովի` հոկտեմբերի 22-ի նիստում: 
  
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան երկրորդ ընթերցման ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին:

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն շահագրգռել իրավախախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց` վարչական տուգանքը վճարել հնարավորինս սեղմ ժամկետներում` գործը չհասցնելով դատական ատյանին: Մյուս կողմից` անհրաժեշտ է հստակեցնել եւ որոշ համաչափություն ապահովել տուգանքի եւ դրա նշանակման նպատակի կամ մոտիվացիայի միջեւ, քանի որ նման համաչափության բացակայությունը հանգեցնում է նշանակված տուգանքների համատարած չվճարմանը, եւ արդյունքում` ժամկետանց պարտավորությունների կուտակմանը:

Նախագծով առաջարկվում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել իրավախախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց համար` տեղում կամ 3 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը 50 տոկոսով կրճատելու,  30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկելու,  60 oրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկելու եւ միայն այդ տուգանքի վճարումից չարամտորեն խուսափողների նկատմամբ կիրառել դատական կարգով տուգանքի բռնագանձման  մեխանիզմը` այդ կերպ  դատարանին հնարավորություն ընձեռելով  վճարման ժամկետ  uահմանել առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ  տուգանքը վճարել մաu առ մաu` նույն ժամկետում, uահմանելով տուգանքի վճարման ժամանակացույց: Այս դեպքում է, որ հաշվի է առնվում  վարչական պատասխանատվության առանցքային` արդարության, կատարված արարքին համապատասխան պատասխանատվության միջոցի համաչափության, տույժի անհատականացման եւ տարբերակման սկզբունքները, քանի որ տուգանքը` որպես տույժի տեսակ, պատասխանատվության միջոց կիրառվում է` նպատակ ունենալով կանխել ինչպես   իրավախախտողի, այնպեu էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը եւ ոչ թե  գումարի հավաքագրումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին նստաշրջանի  եւ քառօրյա նիստերի օրակարգում  ընդգրկվելու եւ հարցը քննարկել 24-ժամյան ռեժիմով քննարկելու համար: 
  
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է սահմանել նվազագույն ժամային տարիֆային դրույքի հաշվարկման մեխանիզմը` առողջապահական, հոգաբարձության, խնամակալության,  մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների համար:

«ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերը եւս առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Նշվեց, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը օրենքով սահմանելու, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի հետ կապը վերացնելու անհրաժեշտությունից ելնելով,  նպատակահարմար են գտել գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ` հանձնաժողովն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նշվեց, որ  օրենքի նախագծով փորձ է արվել կարգավորել գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց զբաղվածության հարցը: Նրանց հնարավորություն է տրվել ընդգրկվել զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող  մասնագիտական ուսուցման ծրագրում եւ ուսուցման ողջ ընթացքում ստանալ կրթաթոշակ: Հստակեցվել է գործազուրկի հասկացությունը. գործազուրկի հասկացության սահմանման ժամանակ հաշվի է առնվել կենսաթոշակառու չհանդիսանալու հանգամանքը: Հստակեցվել է բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագրի կառուցվածքը եւ ծրագրում ընդգրկվող  միջոցառումների ցանկը:

Առաջին ընթերցման ընթացակարգով հանձնաժողովը քննարկեց ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Գագիկ Մելիքյանի, Սուքիաս Ավետիսյանի, Լյովա Խաչատրյանի, Անահիտ Բախշյանի եւ Էդուարդ Շարմազանովի հեղինակած «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերի փաթեթը, որով առաջարկվող լրացումները նպատակ ունեն օրենսդրորեն կանոնակարգել զբաղվածության ոչ պետական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործառույթները, ստեղծել հնարավորություններ զբաղվածության պետական ծառայությունների հետ համագործակցության համար եւ  սահմանել  դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագիծերն ու օրենսդրական փաթեթները դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի եւ  քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը երրորդ ընթեցման ընթացակարգով  քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ տվեց դրական եզրակացություն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը որոշեց ՀՀ կառավարության ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկուշաբթի:

ՀՀ ԱԺ   մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտանեկան  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ տվեց դրական եզրակացություն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am